ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

«Այսօրվա դաշինքներում ընդգրկված գործիչները տարբեր գաղափարական հարթությունում են»

«Այսօրվա դաշինքներում ընդգրկված գործիչները տարբեր գաղափարական հարթությունում են»
07.02.2017 | 00:34

Կիրակի կայացած ՀԺԱՄ խորհրդի ընդլայնված նիստում որոշվեց, որ այդ կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում աջակցելու է ՀՀԿ-ին։ Այլ խոսքով, ՀԺԱՄ-ը վերահաստատեց իր դիրքորոշումը, քանի որ արդեն քանի տարի է` այս կուսակցությունը հանրապետականի հետ գործընկերային հարաբերություններ ունի։ ՀԺԱՄ խորհրդի նախագահ ԱՇՈՏ ԱՎԱԼՅԱՆԻՑ «Իրատեսը» փորձեց ճշտել, թե ինչու նորից ՀՀԿ-ն են ընտրել, արդյոք ՀԺԱՄ-ականներին գոհացնո՞ւմ է այս տարիներին իշխանության վարած քաղաքականությունը։


-ՀԺԱՄ-ի համագործակցությունը ՀՀԿ-ի հետ, այո, նորություն չէ, արդեն տասնհինգ տարի ՀՀԿ-ի և շուրջ տասը տարի հանրապետության նախագահի հետ համագործակցում ենք,- ասաց պարոն Ավալյանը։- Այնպես որ, մեր դիրքորոշումը այս քաղաքականության շարունակությունն է։
-Ի՞նչ եք կարծում, այս տարիներին ՀՀԿ-ն արդարացրե՞լ է հանրային սպասումները։
-Բոլոր խոստումները, բնականաբար, չէին կարող իրականություն դառնալ։ ՀՀԿ-ն և այսօրվա նոր կառավարությունը շատ անելիքներ ունեն։ Պարզապես հարկավոր է մի փոքր դրական տրամադրվածություն ունենալ և ՀՀԿ-ին կրկին հնարավորություն տալ, որպեսզի իր ծրագրերը կյանքի կոչի։
-Ընտրելով ՀՀԿ-ն, նշանակում է` քաղաքական դաշտում այլ ուժ չե՞ք տեսնում, որը կարող է խնդիրներին լուծում տալ։
-Այսօր դաշինքային ակտիվ գործընթացներ են տեղի ունենում։ Երբ նայում ես այդ միավորումներում հավաքված լիդերների քաղաքական կենսագրությունը, հիասթափվում ես։ Իշխանության երեկվա ներկայացուցիչն այսօր կոշտ ընդդիմադրի դիրքերից է ներկայանում։ Բայց ինչպես է հնարավոր վեց-յոթ տարի կառավարության անդամ լինել, ոչինչ չասել, բայց այդ պարտականությունները վայր դնելուց հետո խիստ ընդդիմադիր ելույթներ ունենալ։ Այս ամենը պարզապես լուրջ չէ։ Պահի տակ ձևավորված դաշինքներ են, որոնք ինձ վստահություն չեն ներշնչում։ Եթե քաղաքական միավորը գաղափարական հենք չունեցավ, ապագա չունի։ Ցավոք, այսօրվա դաշինքներում ընդգրկված գործիչները տարբեր գաղափարական հարթությունում են։ ՀԺԱՄ-ը այդպիսի ուժերի հետ հույսեր չի կապում, հետևաբար նաև չի համագործակցում։ Կարծում ենք, ճիշտը հենց ՀՀԿ-ին սատարելն է։
-Այդ դաշինքները չե՞ն կարող վտանգ ներկայացնել ՀՀԿ-ի համար։
-Անկեղծ ասած՝ ոչ։ Դրանք արհեստական ձևավորված միավորումներ են, որոնք չեն կարող իրական վտանգ ներկայացնել ՀՀԿ-ի համար։
-ՀԺԱՄ-ին չի՞ կաշկանդում այն հանգամանքը, որ հասարակությունը, մեղմ ասած, ՀՀԿ-ին չի վստահում, հույս չի կապում նրա հետ։
-Իշխող քաղաքական ուժը միշտ էլ հանրության թիրախում է լինում, քննադատության ողջ սլաքն ուղղվում է նրան։ Համոզված եմ, որ եթե այս ընտրություններում մեծամասնություն դառնա մեկ այլ ուժ, ամբողջ քննադատությունը կուղղվի նրան։ Կարծում եմ՝ ՀՀԿ-ն ունի ներուժ, իսկ դրական մթնոլորտի առկայության պայմաններում էլ կկարողանա խնդրահարույց հարցերին լուծումներ տալ։
-Փաստորեն, կարծում եք՝ ՀՀԿ-ն էլի՞ մեծամասնություն է լինելու։
-Չեմ ցանկանում ենթադրություններ անել։ Այնուամենայնիվ, ՀՀԿ-ն խոշոր, կազմակերպված կուսակցություն է և կկարողանա նորից մեծամասնություն դառնալ։

Ճեպազրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2354

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ